Դուդուկի կառուցվածքը
Դուդուկը կամ ծիրանափողը հայկական գործիք է:Այն բաղկացած է երկու հիմնական մասերից: Առաջին մասը գլանաձև փայտյա փողն է, որի վրա կան տասը անցքեր: Իննը անցքերը տարբեր բարձրության հնչյուններ ստանալու համար են, իսկ տասներորդ անցքը արված է լարվածքի համար: Երկրորդ մասըՙ դա ձայն արտադրիչն է, որը սովորաբար ընդունված է ասել ղամիշ: Ղամիշի միջին հատվածում զսպանակն է, որը կարգավորում է ղամիշի բացվածքը, իսկ ղամիշի վերին մասում փականն է, որը բնականաբար նվագելուց հետո փակում են, որովհետև վերջին հատվածը շատ նուրբ է:
Դուդուկի հիմնական տեսակները
Դուդուկի հիմնական տեսակներն են՝
- սոլ լարվածքի դուդուկ
- լյա լարվածքի դուդուկ
- սի բեմոլ
- սի
- դո
- ռե
- մի բեմոլ
Մեղեդիների ժամանակ հիմնականում օգտագործում են մեծ դուդուկները, որոնք ունեն թավ հնչողություն: Պարային երաժշտություն նվագելու համար օգտագործվում են փոքր դուդուկները, որոնք ունեն ավելի սուր հնչողություն:
Դուդուկի խնամքը
Շատ կարևոր տեղ է գրավում այստեղ ղամիշը: Ղամիշը նվագում է այն դեպքում, երբ երկու լեզվակները հեռացված են իրարից, այսինքն բացված է: Բացված կարող է լինել երկու պարագայում երբ կլիմայական պայմանները շատ խոնավ են, և երկրորդ տարբերակըՙ ջուր լցնելուց հետո: Ջուրը լցնում ենք ղամիշի հետևի մասից, մոտավորապես ղամիշի կես չափով: Ողողելուց հետո ջուրը թափում ենք և սպասում մոտավորապես 15-20 րոպե: Սա կախված է ղամիշի տեսակից: Ղամիշի տեսակներ կան, որոնք բացվում են ավելի շուտ, տեսակներ կան որ մի փոքր ավելի ուշ: Ցանկալի է որ ջրի կաթիլները չթափվեն ղամիշի արտաքին շերտի վրա: 15-20 րոպե հետո բացելով ղամիշի փականը, մի փոքր գոլորշի տալով ղամիշի ներսի հատվածում, մենք զգում ենք ղամիշի բացվածության աստիճանը: Այնուհետև ձայն կարգավորիչով անում ենք այնպես, ինչպես մեզ հարմար է: Ընդունված է մի ձեռքով հնչեցնել մի քանի նոտա,մյուս ձեռքով ապահովել ղամիշի բացվածքը,ինչքանով որ նա հարմար է նվագողին: Նվագելուց հետո ղամիշը պետք է փակել փականով և զսպանակը բարձրացնել վերև,որպեսզի չնստի նրա մեջքային հատվածը: Ինչ վերաբերվում է փողի խնամքին,այն ցանկալի է պահել չոր վիճակում և չոր տեղում: