Պատմություն

               Դուդուկ

Ամեն մեկը յուրովի է զգում նրա մեղեդին, որը նման է մարդկային ձայնին ու, ըստ այդմ, ավելի հուզական է ու սրտառուչ, ավելի ազդեցիկ է ու հոգեհարազատ։ Դուդուկը սոսկ նվագարան չէ, դուդուկը հոգի է ու ապրում, պոեզիա՝ առանց խոսքի, կանչ ու ճանապարհ՝ դեպի մարդկային սրտի խորքերը:։ Դուդուկը ծնվել է շատ դարեր առաջ, հայկական ծիրանենու փայտից, երբ հայ մարդը ցանկացել է դատարկել հոգին ու ասել այն, ինչը չի տեղավորվում բառերի մեջ:։ Կարմրավուն, կարծր փայտ ունի ծիրանի ծառը։ Շոգի, տոթի մեջ է աճում, դիմանում է հայկական լեռնաշխարհի՝ իր ծննդավայրի սառնամանիքին ու շոգին: Եվ անվերջ կարծրանալով` թրծվում է։ Երբ խփում ես ծիրանենու բնին, մետաղի զնգոց է լսվում. ծառը երգում է ասես։ Պինդ, կարծր, ամուր, զգացմունքերով լի, հոգեցուց մի երգ: Հայ մարդը ծիրանենու փայտից պատրաստված նվագարանը անվանանել է ծիրանափող։ Իսկ հետագայում այդ հրաշալի գործիքը աշխարհին ներկայացել է դուդուկ անունով։ Այսօր այն հնչում է մոլորակով մեկ ու դառնում ոչ միայն հայի, այլև ամբողջ մարդկության ամենագեղեցիկ ու խոր հույզերի թարգմանը: Դուդուկը լեզու է, որը հասու է բոլոր ազգերին, դուդուկը զգացմունքն է, որը հուզում է ամեն մարդու՝ մոլորակի որ ծայրում է լինի:

New Year Sale

Until December 31